Տպել
05.04.2023
Կսահմանվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը
1 / 7

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի հերթական նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս  պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ փոխնախարարի՝ չնայած որ Հայաստանն այդ հնարավորությունից օգտվելու փորձառություն ունեցել է, այդուհանդերձ  օրենսդրության մեջ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախատեսել Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոնները: Առաջարկվում է սահմանել  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություններ կայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջներն ու փոխգործակցություն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչեւ այսօր ՄԻԵԴ-ը երկու խորհրդատվական կարծիք է տրամադրել: Առաջինը՝ 2022 թվականի մայիսի 29-ին՝ Սահմանադրական դատարանի, մյուսը՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝  Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա: Անդրադառնալով ՄԻԵԴ  դիմելու կարգին վերաբերող հարցին՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ, ըստ ներկայացված նախագծի, կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...