Տպել
05.04.2023
Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտե
1 / 10

Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են  խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Լիտվայի  խորհրդարանականներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, ասել է. «Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլեւս չեն կրկնվի»: