Տպել
11.03.2023
Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, սակայն ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` իրականացնելու համար դատարանի որոշումը. Հասմիկ Հակոբյան
1 / 3

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին:

«2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետեւանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարեւոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը: Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռեւս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, եւ որ Ադրբեջանն օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները», - նշել է Հասմիկ Հակոբյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի եւ անվտանգության հետ կապված հարցերից` պատգամավորը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` իրականացնելու համար դատարանի որոշումը:

«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում: Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետեւանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, եւս մեկ սպա վիրավորվեց», - ասել է Հասմիկ Հակոբյանը:

Նա նաեւ ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաեւ լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսեւորումները:
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...