Տպել
28.02.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը
1 / 2

Համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է հարյուր միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝  Հայաստանի հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում՝  փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման եւ իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը փետրվարի 28-ին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

Ըստ Մնացական Սաֆարյանի՝ Չինաստանի հետ անցած տարիների ընթացքում բարեկամական հարաբերություններ եւ ակտիվ համագործակցություն է ձեւավորվել: Չինաստանը Հայաստանի առաջնային առեւտրական գործընկերներից մեկն է: Երկու երկրների միջեւ ստորագրվել են հինգ տասնյակից ավելի համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր. ակտիվ համագործակցություն է ընթանում միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ, նշել է, որ սա առաջին օգնությունը չէ ուղղված Հանրային հեռուստաընկերությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից: Վերազինվել է Հանրային հեռուստաընկերության հիմնական եթերասրահը, ինչպես նաեւ տրամադրվել է շարժական կայան: