Տպել
13.02.2023
Մեկնարկել է 2023 թ. Խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը
1 / 19

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանում: Ձեզ պես շատ երիտասարդ մասնակիցներ համավարակի, պատերազմի շրջանում եղել են Ազգային ժողովի կողքին: Վստահ եմ՝ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր բուռն ավանդը կունենաք Ազգային ժողովի աշխատանքներում. փետրվարի 13-ին ողջունելով Խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի 2023 թվականի ծրագրի ընտրված մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Տասն ամիս տեւողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Վերջին 4 տարիներին ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու եւ ներգրավվելու խորհրդարանական աշխատանքներին: Նրանք աջակցել են խմբակցություններին եւ մշտական հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով հետազոտություններ, օրենսդրական վերլուծություններ, մամուլի մշտադիտարկում: Փորձնակները պատրաստել են նաեւ մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք աջակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Դասընթացներն օգնել են ծրագրի մասնակիցներին բարելավել իրենց մասնագիտական հմտությունները: Նրանցից շատերն ընդունել են Ազգային ժողովում աշխատելու առաջարկները:

«Շատ հետաքրքիր ճանապարհորդություն է ձեզ սպասվում: Դժվար է հավատալ, որ 2020 թվականից մինչ այսօր շուրջ 80 երիտասարդներ են մասնակցել այս փորձնակության ծրագրին: Ծրագիրն անցել է համավարակի, պատերազմի, արտահերթ ընտրությունների միջով: Եվ երբ խոսում ենք մասնակիցների հետ, նրանք միշտ շնորհակալությամբ ընդգծում են, որ ամենաարժեքավոր ձեռքբերումն ընկերներն են: Մասնագիտական զարգացման հնարավորություններ տրամադրելով՝ մենք վստահաբար գիտակցում ենք, որ այն ընկերությունը, որ հաստատվում է այս ծրագրի շրջանակում, շատ է օգնելու ձեզ՝ հետագայում հաջողությունների հասնելու հարցում: Մեր նպատակն է հավաստիանալ, որ ծրագիրը լինելու է արդյունավետ: Փորձնակության ծրագրին մասնակցելով՝ դուք միանում եք Ազգային ժողովրդավարության ինստիտուտի փորձնակների մեծ խմբին»,- ասել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր աջակիցներին:

ԱԺ նախագահի օգնական Դավիթ Սարգսյանը փորձնակների հետ նախապատրաստական հանդիպմանը, ներկայացնելով խորհրդարանական պրակտիկայի հիմնական ուղղությունները, նշել է, որ ծրագիրը տալիս է ավելի լայն հնարավորություններ խորհրդարանական գործընթացներին ծանոթանալու, ինչպես նաեւ պատասխանատու հանձնարարություններ իրականացնելու համար:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) խորհրդարանի զարգացման հարցերով խորհրդատու Ռինոր Բեկան խոսել է խորհրդարանական հետազոտության մոտեցումների, մեթոդների, ինչպես նաեւ օրենսդրական հետաքննության մասին: Նա նշել է, որ ծրագրի նպատակն է ծանոթացնել այդ գիտելիքների հետ՝ հետագայում հիմնական եւ հիմնարար գործառույթներ իրականացնելու համար: Ազգային ժողովրդավարության ինստիտուտը նման ծրագրեր իրականացրել է աշխարհի շուրջ 60 երկրների խորհրդարաններում: Ըստ Ռինոր Բեկայի՝ սա խորհրդարանները երիտասարդների համար բաց դարձնելու լավ ճանապարհ է:

Ծրագրի մասնակիցները ծանոթացել են նաեւ խորհրդարանական պրակտիկայի ծրագրերի արեւելյան Եվրոպայի փորձին, խորհրդարանական հետազոտությունների, օրենսդրական վերլուծության առանձնահատկություններին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը, ներկայացնելով վարչության գործառույթները, կարեւորել է հրապարակայնությունն ու խորհրդարանում գործող երեք քաղաքական խմբակցությունների գործունեությունը հավասարաչափ լուսաբանելու սկզբունքը:

Նա անդրադարձել է «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարին, խորհրդարանի պաշտոնական կայքէջին՝ ներկայացնելով առաջիկա բարեփոխումներն ու վարչության աշխատանքի առաջնահերթությունները:

Ընտրված 20 երիտասարդներն առաջիկա տասն ամիսներին կմասնակցեն ԱԺ-ի կողմից կազմակերպված կանոնավոր դասընթացներին եւ առցանց վեբինարներին՝ ուղղված նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը: