Տպել
20.12.2022
Պատգամավորներն անդրադարձել են ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցին
1 / 2

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածությունը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Նարեկ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովում տեղի ունեցած մասնագիտական քննարկման համար:

Թեկնածուն ներկայացրել է համաշխարհային եւ ներքին տնտեսություններում ընթացիկ տարվա սկզբից արձանագրված զարգացումներն ու ԿԲ-ի համապատասխան արձագանքը: Նա անդրադարձել է նաեւ առկա տնտեսական մարտահրավերներին, ԿԲ-ի ռազմավարությամբ ակնկալվող խորքային վերափոխումներին եւ այդ գործընթացում իր իսկ կողմից ակնկալվող ներդրմանը: Խոսելով միջազգային շուկայում գնաճի մասին՝ Նարեկ Ղազարյանը նշել է, որ նոյեմբեր ամսվա դրությամբ տարածաշրջանի անդամ պետություններից ամենացածր գնաճն արձանագրվել է ՀՀ-ում: «ԿԲ-ի կողմից կանխատեսվող սցենարի համաձայն՝ 2023 թ. համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նշանակալի դանդաղման, արտաքին շուկաներից գնաճային ճնշումների շարունակվող թուլացման, ինչպես նաեւ ՀՀ տնտեսությունում պահանջարկի բարձր աճի տեմպերի դանդաղման պայմաններում ակնկալվում է, որ գնաճը եւ գնաճային սպասումները կշարունակեն նվազել եւ 2023 թ. երկրորդ կիսամյակում կմոտենան ԿԲ նպատակային՝ 4 տոկոս մակարդակին»,-ասել է Նարեկ Ղազարյանը:

Թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են բանկային գործունեությանը, փոխարժեքի հետ կապված միջնորդավճարների գանձմանը: «Այս տարի աննախադեպ մեծ ծավալի ներհոսք ենք ունեցել: Այս իրավիճակում բանկերը կանխիկացման հետ կապված գործողություններում օգտվում են միջազգային մի քանի աղբյուրներից, որոնք իրենց հերթին թանկացրել են կանխիկի ինկասացիոն ծախսերը՝ խստացնելով ոլորտի պահանջները: Այս առումով ծախսատար են դարձել ընդհանուր կանխիկի շարժերը. սա է հիմնավոր պատճառը»,-պարզաբանել է Նարեկ Ղազարյանը՝ նշելով, որ իրենք չափազանց ուշադիր են, որպեսզի ամենակարեւորը՝ ոլորտում չլինեն հակամրցակցային դրսեւորումներ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվել է դեկտեմբերի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում:

Թեկնածուի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: