Տպել
15.12.2022
Քննարկվել է ԿԲ նախագահի տեղակալի թափուր տեղի համար Արմեն Նուրբեկյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը
1 / 3

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորներն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն քննարկել են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին: Նշվել է, որ Արմեն Նուրբեկյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2020 թվականից զբաղեցնում է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի եւ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:

Արմեն Նուրբեկյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն խոսել է ԿԲ առաջիկա գործունեությունից, կառույցի ռազմավարությունից: Բանախոսի խոսքով ԿԲ-ի համար կոմունիկացիան գործիք է իր նպատակներին հասնելու համար: Ըստ Արմեն Նուրբեկյանի՝ կայուն տնտեսական զարգացման միակ հենքը գների կայունությունն է: «Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ աշխարհում տնտեսական շոկերն ու անկայունությունը, ցավոք, չեն թուլանում: Եվ ԿԲ-ն այդ պայմաններում կայունություն ապահովող մարմինը պետք է լինի»,- նշել է թեկնածուն:

Քվեարկության արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը: