Տպել
08.12.2022
Միջազգային համաձայնագրերով մեր երկրին կհատկացվեն 100 մլն եվրո եւ 100 մլն դոլար գումարների չափով ֆինանսական միջոցներ
1 / 5

«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն եվրո՝ երկու մասնաբաժիններով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Ֆինանսների փոխնախարարը նշել է նաեւ, որ նախատեսված ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերություն համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, ինչպես նաեւ կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը եւ այլն:

Վահե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն դոլար:

Ըստ փոխնախարարի՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2022 թ. պետական բյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Վարկը կմարվի 12 տարվա ընթացքում, տոկոսադրույքները լողացող են:

Նշվել է, որ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Հանձնաժողովականներն օրենքների նախագծերին տվել են դրական եզրակացություն:

Միջազգային համաձայնագրերը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում: