Տպել
15.11.2022
Տեսալսողական մեդիամիջոցները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ. հարցը քննարկվել է ԱԺ հերթական նիստում
1 / 5

Այսօր մեր տեսալսողական միջոցներում կան անվանումներ, որոնք շատ նման են կամ կապվում են նախկինում գործող խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նա հավելել է՝ մտահոգություն կա, որ այդ միտումը կարող է շարունակվել:

Ուստի, օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ: Ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միաջազգային կարգավորումներին:

Գեւորգ Պապոյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ պատանեկան խաղամոլությանը վերաբերող հարցին, նշել է, որ թեեւ իրավական առումով հարցը կարգավորված է, սակայն հասկանալով հարցի ենթատեքստը, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ մեկ այլ՝ արդեն գործող կարգավորմամբ անկանխիկ խաղադրույթները վերացնելով, ըստ էության, խնդիրը դառնում է վերահսկելի:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: