Տպել
07.11.2022
Բացառիկ է Հայաստան-Շվեդիա եւ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը. խորհրդարանականները հանդիպել են Շվեդիայի դեսպանին ու Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին
1 / 10

Շվեդիան ժողովրդավար երկիր է, որին, որպես օրինակ, հետեւում է Հայաստանը: Բացառիկ է Հայաստան-Շվեդիա եւ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկու հայտարարություններ են եղել բարեկամական խմբերի կողմից. ասել է Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի եւ Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետի հետ նոյեմբերի 7-ին կայացած  հանդիպման ընթացքում:

Հռիփսիմե Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին եւ Արին Կարապետին Շվեդիայում կայացած ժողովրդավարական ընտրությունների եւ նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ:

Նա կարեւորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Պատրիկ Սվենսոնը նշել է, որ երկու երկրների համագործակցությունն առաջընթաց է արձանագրել: Նա հույս է հայտնել, որ Շվեդիայի ձեւավորված նոր կառավարությունը կշարունակի փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով մի շարք ծրագրեր: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները:

Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար: Հայազգի պատգամավորը պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության սերտացմանը՝ տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է երկու ժողովրդավար պետությունների՝ Հայաստանի եւ Շվեդիայի համագործակցությունը: Նշելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար անվտանգային բաղադրիչ է՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ չափազանց կարեւոր են Հայաստանում ժողովրդավար ինստիտուտների կայացումն ու առողջացումը: Նրա կարծիքով խորհրդարանները կարող են ավելի ճկուն եւ ուղիղ համագործակցել միմյանց հետ՝ լուծելով բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան ներկայացրել է տեղեկություններ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կարեւորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Զեմֆիրա Միրզոեւան նշել է, որ ասորական համայնքի ներկայացուցիչն է Հայաստանի խորհրդարանում:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը կարեւորել է ԵՄ դերը տարածաշրջանում անվտանգություն ապահովելու եւ խաղաղություն հաստատելու գործում:

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարները: