Տպել
07.11.2022
Երեւանում 2023 թ. կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ. ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի 2023 թ. բյուջետային հայտը
1 / 3

2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները:

Քաղաքապետի խոսքով Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ:

2023 թ. Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դրամ:

Հրաչյա Սարգսյանը նաեւ նշել է, որ 2023 թ. բյուջետային հայտի մեծ մասնաբաժին է կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը: Ավտոբուսները Երեւանում կլինեն գալիք տարվա ամռանը: Հատկացումը կլինի 9 մլրդ դրամի շրջանակում:

«Ես վստահ եմ, որ 2023 թ. ընթացքում մենք 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, սակայն դա առաջնահերթ քայլերից մեկն է»,-ասել է քաղաքապետը:

2023 թ.  էներգախնայող միջոցառումների շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների վերանորոգում, որը կիրականացվի Եվրամիության տրամադրած շուրջ 2 մլրդ վարկով: Քաղաքապետի խոսքով եկող տարի նախատեսվում է կնքել եւս մեկ վարկային համաձայնագիր, որով կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ:

Երեւանի քաղաքապետը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Անդրադառնալով մանկապարտեզների գերծանրաբեռնվածությանը վերաբերող հարցին՝ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երեւանում կա 162 մանկապարտեզ, որից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում է: Այդ պատճառով 24 հաստատություն հաճախող երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու: Ըստ նրա՝ նախնական հաշվարկով 2023 թ. 40 մանկապարտեզ կլինի վերանորոգման փուլում: Քաղաքապետը նշել է, որ կան նաեւ նորակառույց շենքերով համալրված հատվածներ, որտեղ մանկապարտեզներ չկան: Այս համատեքստում ընդգծվել է, որ 3 տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: