Տպել
04.11.2022
Հանձնաժողովում քննարկվել է բազմազավակ ընտանիքներին խթանելուն եւ խրախուսելուն վերաբերող միջազգային իրավական մեխանիզմների արդյունավետ փորձը
1 / 10

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվում է ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը: Նախատեսվում է նաեւ «Բազմազավակության մասին» օրենքի ընդունումը: ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ  իրականացվել է օրենսդրության հետազոտություն՝ եվրոպական, ինչպես նաեւ հետխորհրդային մի շարք երկրներում գործող իրավական մեխանիզմների ու կանոնակարգերի վերաբերյալ, որոնք արդյունավետ կիրառվում են բազմազավակ ընտանիքներին խթանելու եւ խրախուսելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Նոյեմբերի 4-ին անկախ փորձագետ Արտակ Երգենյանը հանձնաժողովում ներկայացրել է հետազոտության արդյունքները: Քննարկմանը մասնակցել է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Քննարկման մասնակիցները շնորհակալություն են հայտնել միջազգային գործընկերոջն աջակցության համար:

Հետազոտությունը բաղկացած է երկու մասից. «Սոցիալական պետական քաղաքականության համեմատական վերլուծություն՝ բազմազավակ ընտանիքներ» եւ «Բազմազավակ ընտանիքներին խրախուսման լրացուցիչ մեխանիզմներ տրամադրելու նպատակով ՀՀ գործող օրենսդրության մեջ փոփոխությունների առաջարկություններ»:

Հետազոտվել է 30-ից ավելի երկրների փորձը, սակայն ներկայացվել է միայն այն երկրների փորձը, ինչը կարող է կիրառելի լինել Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական համակարգի առանձնահատկությունները եւ իրավակիրառ պրակտիկան: Մասնավորապես, ներկայացվել է Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ավստրիայի փորձը: Ուսումնասիրվել են այդ երկրներում գործող սահմանադրական կարգավորումները, կառավարության, ինչպես նաեւ ՏԻՄ որոշումները:

Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով ՀՀ ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները, կարեւորել է կատարված ծավալուն հետազոտական աշխատանքը՝ նշելով, որ արդյունքները հաշվի կառնվեն ռազմավարության մշակման գործընթացում: