Տպել
03.11.2022
2023 թ. նախատեսվում է մի շարք երկրներում բացել դիվանագիտական ներկայացուցչություններ եւ գրասենյակներ. քննարկվել են ԱԳՆ 2023 թ. բյուջեի հատկացումները
1 / 13

Արտաքին գործերի նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 510 մլն դրամ ծախսային գումար 2022 թ. 18 մլրդ 434 մլն դրամի փոխարեն: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որում քննարկվել է  «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով Արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ԱԳՆ-ն ներկայացրել է մոտ 19 մլրդ 280 մլն դրամի հայտ, սակայն նախագծով հաստատվել է 16 մլրդ դրամի հայտ: Նա նշել է, որ տարբերությունը պայմանավորված է տարադրամի փոխարժեքային տատանումներով:

Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ 2023 թ. նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Նախարարի խոսքով 2023 թ. նախատեսվում է մի շարք երկրներում բացել դիվանագիտական ներկայացուցչություններ եւ գրասենյակներ: «Այս պահին պլանավորվում է բացել դեսպանություն Ուրուգվայում եւ գլխավոր հյուպատոսություն Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում»,-ասել է նա: Արարատ Միրզոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2023 թ. դիվանագիտական գրասենյակներ կբացվեն Կիպրոսում եւ Սերբիայում: Կբացվի հյուպատոսական գրասենյակ ՌԴ Վլադիկավկազ քաղաքում:

ԱԳ նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին չի գոհացրել ԱԳ նախարարության բյուջեն: Նրա կարծիքով այն աշխատանքը եւ ակտիվությունը, որն առկա է ԱԳՆ դիվանագիտական դաշտում, պետք է իր արտացոլումն ունենա նաեւ ֆինանսական ապահովման ոլորտում: Պատգամավորի խոսքով ԱԳՆ բյուջեն 25 մլրդ դրամից պակաս չպետք է լիներ:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով գնահատականի համար, նշել է, որ գործադիրը մեծամասամբ բավարարել է բյուջետային հայտերը:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է հայ-թուքական հարաբերությունների կարգավորման դինամիկայով: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում:

«Ադրբեջանի հետ բանակցություններում կա մեկ լավ եւ մեկ վատ նորություն»,-ասել արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, որը վերաբերել է Հայաստան-Ադրբեջան հարցի կարգավորմանը:

«Վատն այն է, որ բոլոր հարցերում ու ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել,  կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա չի կարող իրականություն լինել»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ լավ նորությունն այն է, որ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ կա միջազգային հանրության ուշադրությունը. «Այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»,- ընդգծել է նա: