Տպել
06.04.2006
Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը Երեւանում

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Գրիեբոսկուին:

Նա ԱԺ նախագահին իրազեկեց իրենց կազմակերպության գործունեության մասին` նշելով, որ համաժողովը կազմված է աշխարհի ազգային խորհրդարանների անդամներից եւ նրանց հնարավորություն է տալիս բարձրացնել մարդու իրավունքների եւ խղճի ազատության վերաբերող խնդիրներ: Միջազգային մեծ հեղինակություն ունեցող այս կառույցի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում եւ միավորում է մի քանի տասնյակ երկրների խորհրդարանականների:

Անդրադառնալով մարդու իրավունքների եւ խղճի ազատության մասին օրենքների կարեւորությանը քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության զարգացման համար` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ միջխորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը աշնանը Երեւանում անցկացնելու մասին: