Տպել
19.10.2022
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն է տրվում թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջի
1 / 3

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն տալ թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջը պահելու: Այսինքն՝ այն բացառությունները, որոնք կան տեսչական որոշ մարմինների համար՝ ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումն առաջարկվում է տարածել աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ մարմնի նկատմամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չի ենթարկվել:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել դրույթ, որի արդյունքում հնարավոր կլինի աշխարհագրական նշումները գրանցել ոչ միայն երկրի, այն նաեւ վայրի կամ այլ պայմանների հիման վրա:

«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, փորձագիտության համար նախատեսված ժամկետը 9 ամսից դարձել է 6»,-ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանձնաժողովը նախագծերին դրական եզրակացություն է տվել: Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: