Տպել
30.03.2006
Կբացվի իսպանական առեւտրաարդյունաբերական համագործակցության կենտրոն

Մարտի 30-ին Վալենսիայում Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքի հինգերորդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ունեցավ մի քանի երկկողմանի հանդիպումներ:

Վալենսիայի կառավարության նախագահ Ֆրանսիսկո Կամսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Վալենսիայի եւ Հայաստանի միջեւ ռեգիոնալ կապերի հաստատման խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց Վալենսիայի պատվիրակության առաջիկայում Հայաստան մեկնելու մասին, որի ընթացքում կճշտվեն համագործակցության հնարավորությունները:

Վալենսիայի քաղաքապետ տիկին Ռիտա Բարբերայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Վալենսիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ կոնկրետ ծրագրերի իրականացման խնդիրները, նաեւ` շտապօգնության մեքենաներ Հայաստանին փոխանցելու մասին:

Վալենսիայի արդյունաբերության նախարար Խուստո Նյետոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստանում ու Իսպանիայում համատեղ գրասենյակների բացման մասին, որոնց գործունեությունը երկու ուղղվածություն կունենա` ապրանքաշրջանառության մեծացում եւ շուկայի ուսումնասիրություն, նաեւ ապրանքների սպառման շուկաների ուսումնասիրություն ու գովազդ, եւ` համատեղ հիմնադրամի ստեղծում, որի նպատակը կլինի գիտաուսումնական ծրագրերի իրականացումը: Այս գրասենյակի գործունեությունը կխթանի հայ-իսպանական առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի զարգացումը, նոր հնարավորությունների ու նոր աշխատատեղերի ստեղծումը:

Օրվա ընթացքում նախատեսվում են նաեւ այլ հանդիպումներ:

 Վալենսիայում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույցներ է  տվել կենտրոնական թերթերին, իսկ  համաժողովի աշխատանքները լայնորեն լուսաբանվել են հեռուստատեսությամբ: