Տպել
27.07.2022
Նախատեսվում է կարգավորել այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը
1 / 11

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի եւ Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երեւան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթեւեկության կազմակերպմանը:

Քննարկումը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ եւ խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթեւեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտների` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` այլընտրանքային  փոխադրամիջոցների հարցն այսօր բավական խնդրահարույց է, եւ քննարկումը նպատակ ունի վեր հանել խնդիրները եւ համագործակցելով` դրանց լուծումներ տալ:  «Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է եւ հասկանալը, թե այդ առաջարկներից որոնք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաեւ օրենսդրական  կարգավորման առարկա են, եւ մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել են, որ խնդիր, իրոք, կա, եւ որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթեւեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթեւեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաեւ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթեւեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաեւ չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ եւ  ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:

Առաջարկ եղավ ուսումնասիրել այլ երկրների փորձը, այդ նպատակով քննարկում կազմակերպել:

Ամփոփելով քննարկումը` Վիլեն Գաբրիելյանը եւ Զարուհի Բաթոյանը նշել են, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն եւ նպատակահարմար համարվելու դեպքում կընդգրկվեն Ճանապարհային ոստիկանության մշակած օրենսդրական փաթեթում: «Կաշխատենք այս քննարկումը տանել ավելի արդյունավետ ճանապարհով, որպեսզի արդյունքներն ավելի շոշափելի լինեն»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...