Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 300 դատապարտյալ: Վերջիններս չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ. բարձրաձայնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ հավելում, որ մեր երկրում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը:
Փոխնախարարի խոսքով՝ չունենալով համապատասխան կրթական ցենզ՝ անձը չի կարող ունենալ աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանք:
Ուստի, «Կրթության մասին» օրենքում լրացմամբ Կառավարությունն առաջարկում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի: Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ մշակվելու են թիրախավորված, անհատական ուսումնական պլաններ: «Այս պահի դրությամբ շուրջ 100 դատապարտյալ գործընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել»,- ընդգծել է զեկուցողը եւ հույս հայտնել, որ նրանց թիվը կավելանա:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թ. օգոստոսի 1-ից:
Գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացմանը:
Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, կարեւորել դատապարտյալների կրթության հարցը, ինչպես նաեւ համապատասխան հաստատություններում ուսուցողական գրքերի առկայությունը:
Հարցը պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են մայիսի 24-ի ԱԺ նիստում:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...