Տպել
22.04.2022
Կբարելավվի Հայաստանում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը
1 / 4

««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերին` Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար` հարգելով կողմ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ փաստաթղթով առաջարկվում է համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում:

Բանախոսի հավաստմամբ` համաձայնագրի վավերացումը կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ երկու երկրներում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Փաստաթուղթը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

Արմեն Ղազարյանը նաեւ տեղեկացրել է, որ այս համաձայնագիրը ԵԱՏՄ շրջանակում երկրորդն է: Արդեն գործողության մեջ է ՌԴ-ի հետ հետընդունման փաստաթուղթը: Բանակցություններ են ընթանում Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, կարեւորելով համաձայնագրի վավերացումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Համաձայնագիրը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի արտահերթ նիստում:

Նշենք, որ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի առաջարկով ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: