Տպել
15.04.2022
Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
1 / 19

Կարեւորելով հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը եւ մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաեւ բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

«Օրվա մեղավորները սակուրաներն են, որոնք կրելով ճապոնական արմատներ՝ ամրացել են հայկական հողում եւ խորհրդանիշն են դարձել հայ-ճապոնական բարեկամության»,-շեշտել է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ, ճապոնագետ Աննա Վարդանյանը:

«Երբ մենք խոսում ենք երկու երկրների հարաբերություններից ու բարեկամությունից, կարծում եմ՝ ամենակարեւորը, որը պետք է հիշատակենք, երկու երկրները կապող մշակույթն է»,-ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: Պատգամավորը նշել է, որ Հանամիի տոնակատարությունն ԱԺ պուրակում կազմակերպելու այս ավանդույթը ձեւավորվել է յոթ տարի առաջ՝ 2015թ., «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության ջանքերով: Այդ տարի  Հայոց ցեղասպանության 100-րդ  եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցն էր: Նա ընդգծել է, որ այս տոնակատարությունը խորհրդանշում է ոչ թե տխրություն, այլ՝ վերածնունդ:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կազույա Հարադան ողջունել է  հյուրերին եւ կոչ արել վայելել գարնան խորհրդանիշ հանդիսացող գեղեցիկ սակուրաները:

«Ոմանք ասում են, որ Հայաստանի կլիմայական պայմաններում սակուրա  աճեցնելն այդքան էլ հեշտ չէ, սակայն այստեղ սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են, ճիշտ այնպես, ինչպես զարգանում են ճապոնահայկական հարաբերությունները»,- ասել է Կազույա Հարադան:

«Մեր  երկու հնամենի ազգերից յուրաքանչյուրն ունի գարնանը նվիրված իր տոնը: Գարնան առաջին ծաղկունքի հետ մենք՝ հայերս, նշում ենք Ծաղկազարդը, իսկ ճապոնացիները տոնում են Հանամին»,-ասել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Սակուրաներն այս տարի զարդարվել են խաղաղություն խորհրդանշող սպիտակ եւ վարդագույն թղթե կարապներով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...