Տպել
12.04.2022
Առաջարկվում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման հետ կապված հարցերը
1 / 1

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 12-ին: Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Կկարգավորվեն նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը զեկուցողին փոխանցել է որոշ ՀԿ-ների մտահոգությունը` կապված նախագծում առկա «քաղաքացիական անհնազանդություն» բառակապակցության հետ: Նա հայտնել է, որ վերոնշյալ ձեւակերպումը, ըստ ՀԿ-ների, անորոշություն է պարունակում, այն հասկանալի չէ: 
 
Զեկուցող Հովհաննես Հարությունյանը պարզաբանել է, որ նախագիծը հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո հանդիպել են ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր քննարկվել եւ պարզաբանվել են: Փոխնախարարի խոսքով` «Քաղաքացիական անհնազանդություն» եզրույթն առաջին անգամ է օգտագործվելու օրենսգրքում, եւ դա նշանակում է, որ որոշակի իրավիճակներում մարդիկ կարող են ակցիաներ կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է Կառավարության կամ իշխանությունների կողմից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: