Տպել
12.04.2022
Հստակեցվում են «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքները
1 / 1

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումները, ինչպես նաեւ կլուծվեն օրենքների կիրառման ժամանակ ծագած խնդիրները: Նախատեսվում է բարեփոխումներ կատարել  կենսաթոշակային ոլորտում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ կենսաթոշակային ապահովության բնագավառում  կնքած համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար Կառավարությանն օրենքով վերապահել անհրաժեշտ  իրավական ակտեր սահմանելու լիազորություններ, կատարել հստակեցումներ եւ խմբագրական բնույթի փոփոխություններ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Լիլիթ Ստեփանյանի խոսքով` օրենքի փոփոխությունները միտված են  հստակեցնելու գործող որոշ կարգավորումներ, որոնք կապված են կենսաթոշակի ստացման ժամկետների, փաստաթղթերի ցանկի, ոլորտը համակարգող որոշ օրենքների դրույթների համապատասխանեցման հետ: Գործող կարգավորումներն ուղղակի կամ անուղղակի նպաստել են, որ միեւնույն անձը միեւնույն հիմքով հանդիսանա տարբեր կառույցների շահառու, կամ միեւնույն դեպքում գրանցվեն կրկնակի հետգանձումներ եւ այլն: Այս եւ այլ խնդիրները հաշվի առնելով` հարակից զեկուցողը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ապրիլի 12-ի նիստում: