Տպել
12.04.2022
Առաջարկվում է բարեփոխել Հողային օրենսգիրքը
1 / 1

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված նախագիծ է քննարկվել ապրիլի 12-ին խորհրդարանում:  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում:

Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ասել է, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:

Նախագծով առաջարկվում է նշված բացառությունների շարքին ավելացնել նաեւ ոռոգման նպատակով ջրավազանները:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվել է. եթե հողը պետք է օգտագործվի ջրամբար կառուցելու համար, ապա կադաստրային տարբերություն չի վճարվում, չարաշահումների հնարավորություն չկա՞ արդյոք: Օրինակ` ջրամբարի համար պետք է 1 հա, բայց վերցվի 3 հա, իբրեւ թե հարակից կառույց, այս հանգամանքն արդյոք հաշվի առե՞լ եք:

«Մենք հաշվի առել ենք ձեր նշած հանգամանքը, որը կարող է ի հայտ գալ: Այս օրենքի փոփոխությունը բերում է այդ ռիսկերի նվազեցմանը: Քննարկել ենք մի միտք, որով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում միգուցե որոշակի սահմանափակում կմտցնենք: ՀՀ ջրային ռեսուսները շատ վատ են կառավարվում, ինչի արդյունքում ունենք ջրի սակավություն: Օրենքը միտված է լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող համերկրացիների խնդիրները»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը:

Նախագծին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ: