Տպել
12.04.2022
Քննարկվել է «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը
1 / 1

Հայաստանը միանում է 2020թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրն ընդհանուր առմամբ վերաբերում է զինված ուժերի հեռախոսային կապին եւ տեսակապին, ապահովվելու է անվտանգությունը, մեծանալու է բանակների տեխնիկական հագեցվածությունը: Այն առնչվում է նաեւ ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբների փոխգործակցությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ:

Փաստաթղթին չեն միացել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը:

Հայաստանը համաձայնագրին միացել է 1 վերապահումով, ըստ որի` մեր երկիրն առանձին որոշում կկայացնի փաստաթղթի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք դրան միացել են 2020թ. մայիսի 29-ից հետո:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ դրական էր: