Տպել
12.04.2022
Առաջարկվում է հստակեցնել ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը
1 / 2

Գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես, ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

Կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչեւ նոր անդամի ընտրությունն ինքնավար մարմինն ունենա նիստի եւ որոշումների ընդունման իրավազորության խնդիր: Ավելին, նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ միեւնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում:

Ուստի, գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ որի` հստակեցվում է մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտն այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգը: Ինքնավար մարմիններն ԱԺ-ին տեղեկացնում են, որ որոշակի ժամանակահատված հետո լրանում է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը, եւ ԱԺ-ն համապատասխան մարմիններին տեղյակ է պահում, որ որոշակի ժամանակահատվածում պետք է առաջադրումներ կատարեն:

Հիմնական զեկուցումը ներկայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը: