Տպել
06.04.2022
Հանձնաժողովի արտագնա նիստ Գյումրիում
1 / 15

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում:

Ներկայում սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը: Բացառություն են այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:

Հեղինակներն առաջարկում են նշված բացառությունների շարքին ավելացնել նաեւ ոռոգման նպատակով կառուցվող ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը գյուղատնտեսության մի շարք ուղղությունների զարգացման հարցում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի նախարարության արձանագրած մի շարք խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորների նախաձեռնությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ հողային օրենսգրքում Կառավարության ներկայացրած փոփոխությունը:

Առաջարկվում է պարզեցնել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնմանն առնչվող գործընթացը:

Հանձնաժողովն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել:

Այցը Գյումրի անցկացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից  խորհրդարան» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության «Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA)» աջակցության շնորհիվ: