Տպել
28.03.2022
Կապիտալ ծախսերի կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. Տիգրան Խաչատրյան
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը` սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը` 3,6 տոկոս, 2019թ. թողարկման 4,2 տոկոսի եւ 3,95 տոկոսի եւ 2015թ. թողարկման 7,5 տոկոսի եւ 7,15 տոկոսի համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց եւ բացարձակ մրցակցային եղանակով:

Միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» եւ «Մուդիսը» 2021թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»` կարեւորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը:

2021թ. Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը` ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 տոկոս, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ` 100 տոկոս: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021թ. 92,3 տոկոս կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

2021թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս, տարեսկզբին կանխատեսված 3,2 տոկոսի փոխարեն: Նախարարը նշել է նաեւ, որ մեր երկրի արտաքին պարտքը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46.2 միլիարդով:

«Պարտքը պետք է վերցնել այն դեպքում, երբ կա դրա անհրաժեշտությունն ու նպատակը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովականների հարցերին: