Տպել
28.03.2022
Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի շուրջ 1.500 աշխատատեղ. Էկոնոմիկայի փոխնախարար
1 / 3

Մարտի 28-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի` Էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս: Նշվել է, որ ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 տոկոս: 2021թ. արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական տարբերությունը կրճատվել է` կազմելով -8 տոկոս: «Առաջին անգամ ապրանքների արտահանումը գերազանցել է 3 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Անի Իսպիրյանի խոսքով` Կառավարության հավանությանն է արժանացել «Մայլեռ» ներդրումային ծրագիրը. Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր: «Ծրագիրն իրականացվելուց հետո կստեղծվի շուրջ 1.500 աշխատատեղ, ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 30 մլրդ դրամ»,- ընդգծել է զեկուցողը:

Անդրադառնալով տարածաշրջանային փոխգործակցությանը` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: 2021 թ. ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,5 մլրդ դոլար:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ այն լիովին ուժի մեջ է մտել: Հաստատվել է CEPA դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզը: 2021թ. սեպտեմբերի 16-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ ռազմավարական համագործակցության առաջին համաձայնագիրը:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ զբոսաշրջության ոլորտում իրականացված ծրագրերը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: