Տպել
01.03.2022
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ձմեռային նստաշրջանի աշխատանքները
1 / 3

Փետրվարի 24-25-ին տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:

Մարտի 1-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ  Սարգիս Խանդանյանի մամուլի ասուլիսը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակության անդամները հեռավար ձեւաչափով մասնակցել եւ ելույթներ են ունեցել նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած նիստերին եւ քննարկումներին: Ելույթներն առցանց հեռարձակվել եւ հրապարակվել են ՀՀ ԱԺ կայքում:

Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առանձնազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ եւ կարճ առանձնազրույց` ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի հետ:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին` անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համաձայնագրին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի համատեղ եւ Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերում:

ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին հեռավար ձեւաչափով ելույթ է ունեցել նաեւ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Լիլիթ Գալստյանը հեռավար ձեւաչափով մասնակցել եւ ելույթ են ունեցել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստին:

ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ընթացքում հեռավար ձեւաչափով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը: