Տպել
22.02.2022
Հանձնաժողովը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը
1 / 11

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է  ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար  առաջադրել էր Անժելա Սեդրակի Նալբանդյանի թեկնածությունը:

Նրա կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը:

Թեկնածուն մասնագիտությամբ լեզվաբան-երկրագետ է, անկուսակցական: Աշխատել է «Արմենիա ԹՎ» հեռուստաընկերությունում, «ՊանԱրմենիան մեդիա Գրուպ» ՓԲԸ-ում, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանում, հիմնադրել է «Ֆորտունա տուր» ընկերությունը եւ այլն: 2021 թ. «Հայաստան» դաշինքի ցուցակով եղել է պատգամավորության թեկնածու:

Թեկնածուն ելույթում  անդրադաձել է հեռուստառադիոընկերությունների բովանդակությանն ու որակին, դրանց վերաբերյալ հանրության կողմից հնչող դժգոհությունների պատճառներին ու հեռուստառադիոեթերը  բարելավելու ուղիներին:

«Պետք է մշտապես ուսումնասիրել միջազգային  փորձը եւ լավագույն օրինակները, որոնք  կարելի է համապատասխանեցնել գործող  օրենսդրությանը եւ տեսալսողական մեդիայի դաշտին, ներմուծել մեր դաշտ, համապատասխանեցնել  միջավայրին եւ աշխատել այն ուղղությամբ, որ ունենանք որակի չափորոշիչներ, եւ կարողանանք գործող  հեռուստառադիոեթերը համապատասխանեցնել այդ որակական չափանիշներին»,-ասել է թեկնածուն՝ պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի այն հարցին, թե  ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ ոլորտում:

Հանձնաժողովի անդամների  դիրքորոշումը  միանշանակ չէր:

Հանձնաժողովը դեմ է քվեարկել Անժելա Նալբանդյանի  թեկնածությանը: