Տպել
02.02.2022
Փոփոխություններ եւ լրացում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում
1 / 9

Փետրվարի 2-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Նարեկ Զեյնալյանի` առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով` միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ըստ նրա` այդ դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի: Առաջարկվում է նաեւ ախտաբանաանատոմիական դիահերձում չկատարելու դեպքում հնարավորություն տալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ունենալ դիակի խնամքի, մշակման եւ պահպանման ծառայություններ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: