Տպել
13.01.2022
Աշխատանքային քննարկում կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ
1 / 20

Հունվարի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախկին եւ ներկա դատավորներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաեւ դատական եւ իրավական ոլորտի ներկայացուցիչներ:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ կալանքն ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց, ինչը, ըստ նրա, եւ' իրավական տեսանկյունից, եւ' միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որի պատկերը ծայրահեղ անհանգստացրել է: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է»,- ընդգծել է նա:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` կալանավորումների թիվը նվազում է: Սակայն, ըստ նրա, պետք է կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա:

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը եւս ընդգծել է, որ վերջին տարիներին նվազման միտումը հստակ է: Նա նաեւ տեղեկացրել է, որ դատախազությունը դեռեւս 2018-ին մշակել է օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու գործընթացը հստակեցնելուն: Սակայն փաթեթին ընթացք չի տրվել:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաեւ դատական գործերի «ձեռքով» մակագրմանը` ընդգծելով, որ այն առաջացրել է որոշ դատավորների դժգոհությունը: Հաճախ չի պահպանվել դատական գործերի` դատավորների ազգանունների այբբենական հերթականության  բաշխման պահանջն ու պատահականության սկզբունքը:

Պարզաբանվել է, որ նախորդ տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջեւ գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի եւ կառավարման բանալիները: Նշվել է, որ հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն առավել խորքային ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական փոփոխություններ:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...