Տպել
12.01.2022
Լրացումներ «Գնումների մասին» օրենքում
1 / 2

Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է ապահովել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:

Գործող օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես  գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում` ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի լինում օպերատիվորեն ապահովել փաստաթղթերի մշակումն ու հավաքագրումը:

Առաջարկվում է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ իրականացնել առանց նախագծային փաստաթղթերի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: