Տպել
12.01.2022
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն էլեկտրոնային ծանուցումների համակարգի զարգացմանը
1 / 1

Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնելն է, ինչն էականորեն կկրճատի նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը:

Նախագծի շրջանակում նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Նշվել է, որ զարգացնելով էլեկտրոնային ծանուցումների համակարգը` բարձրանում է հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն:

Առաջարկվում է նաեւ օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:

Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է էլեկտրոնային համակարգերի կատարելագործմանն ուղղված քայլերին, թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգի սահմանմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: