ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին գումարել է արտահերթ նիստ:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու քանդման` Կառավարության սահմանած կարգով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Նշվել է, որ առաջարկություն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ըստ որի՝ անփոփոխ է թողնվել օրինագծի այն դրույթը, որով նախատեսվում էր պատժի կիրառում նաեւ գյուղական համայնքներում: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացվում է օրենսդրական նախաձեռնության խմբագրված տարբերակը:
Հարակից զեկուցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, հորդորել է դրական եզրակացություն տալ: Հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է իրավական շտկումներ կատարել գործող կանոնակարգի մեջ: Նա նշել է, որ փոփոխությունների մեծ մասը կրում են տեխնիկական բնույթ:
Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: