Տպել
16.12.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին գումարել է արտահերթ նիստ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:  Նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների  նախատեսումն է: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու  քանդման` Կառավարության սահմանած կարգով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:  Նշվել է, որ առաջարկություն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ըստ որի՝ անփոփոխ է թողնվել օրինագծի այն դրույթը, որով նախատեսվում էր պատժի կիրառում նաեւ գյուղական համայնքներում: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացվում է օրենսդրական նախաձեռնության խմբագրված տարբերակը:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, հորդորել է դրական եզրակացություն տալ: Հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է իրավական շտկումներ կատարել գործող կանոնակարգի մեջ: Նա նշել է, որ փոփոխությունների մեծ մասը կրում են տեխնիկական բնույթ:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: