Տպել
16.12.2021
Բարեփոխվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքը
1 / 1

Դեկտեմբերի 16-ի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ  փոփոխությունները  միտված են ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել Ներկայացուցչի կողմից այսօր փաստացի իրականացվող գործունեությանը: Առաջարկվում է  ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների ցանկում ընդգրկել նաեւ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը եւ այլն:  Մասնավորապես` առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով` «Սույն օրենքի իմաստով Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Արդարադատության միջազգային դատարանը, միջազգային արբիտրաժը, հաշտարարությունը, օտարերկրյա դատարանները»:

Ակնկալվում է, որ  փոփոխությունների  ընդունումը կնպաստի  առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը,  կօժանդակի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանն ու միջազգային հարթակներում մեր երկրի վարկանիշի բարձրացմանը: