Տպել
16.12.2021
Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ
1 / 6

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ  նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.  դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական եւ վարչատնտեսական: Նախատեսվում է նաեւ անցում կատարել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում` մինչեւ 2023 թվականը:

Մյուս փոփոխությամբ Կառավարությունը մտադիր է  նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը` վերանայելով չափորոշիչները, ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը: Նպատակն է  խթանել քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները` առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների եւ օտար լեզուների բովանդակությունն ու  դասավանդման մոտեցումները:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների  աշխատավարձերի դրույքաչափերը: Առաջարկն ընդունվել է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավորներն առաջարկել են   նախագծի վերաբերյալ  անցկացնել խորհրդարանական լսումներ, քանի որ այն հավելյալ քննարկման եւ հստակեցման  կարիք ունի:  Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` որպեսզի օրենքն իսկապես կենսունակ լինի` այն պետք է բոլոր շահառուների հետ քննարկել:

Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն հանրության քննարկմանը ներկայացված  է եղել դեռեւս հունիսից:  Հանձնաժողովի նախագահն ու փոխնախարարը  պատրաստակամություն են  հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելու փոփոխությունների քննարկումը` հաշվի առնելով առաջարկները:

Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ: