Տպել
30.11.2021
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում
1 / 5

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Օրենքի համաձայն՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ըստ փոխնախարարի՝ սահմանված «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է գործադիր մարմնի պաշտոնին հավակնող անձանց շրջանակը:

Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Նշվել է, որ պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները համադրելի են ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների հետ: Այդ պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:

Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը): Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով:

Պատգամավորներն անդրադարձել են ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացման եւ նվազ փորձառություն ունեցող կադրերով համակարգը համալրելու նպատակահարմարությանը, ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությանը: Նշվել է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով վարձակալության տալուն վերաբերող կարգավորումը նախկինում տեխնիկական խնդրի պատճառով չէր արվել: Փոխնախարարը հստակեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է այդ պաշտոնին հավակնող մասնագետների շրջանակի ընդլայնմանը՝ խրախուսելու համար մասնագետների միջեւ մրցակցությունը եւ նոր կադրերի ներգրավումը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...