Տպել
04.11.2021
2021 թ. ակտիվացել են հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները. Արմեն Ղեւոնդյան
1 / 1

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը ներկայացրել է ոլորտին տրամադրվող հատկացումները եւ ակնկալվող արդյունքային ցուցանիշները:

Ըստ փոխնախարարի՝ եվրասիական տարածաշրջանում առկա է եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափը: 2022 թ. լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Նշվել է, որ այդ կապակցությամբ անցկացվելիք հոբելյանական միջոցառումների օրակարգը քննարկման փուլում է:

Չնայած համավարակին՝ 2021 թվականին ակտիվացել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. կայացել են ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի 4 հանդիպում, ԱԳ նախարարների 5 հանդիպում, տասնյակից ավելի հեռախոսազրույցներ:

Արմեն Ղեւոնդյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2021 թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների արդյունքներով հարավկովկասյան տարածաշրջանում սկիզբ է դրվել տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացին:

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Երեւանում ծրագրվում է անցկացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստը: Նշվել է, որ ՌԴ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին համավարակի դեմ պայքարում:

Մոտ ժամանակներս Երեւանում կգումարվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տնտեսական կապերն ակտիվացնելու հարցում կարեւորել է դեսպանատների, առեւտրական կցորդների արդյունավետ աշխատանքը եւ փորձել պարզել, թե ի՞նչ գործիքներ են կիրառվում այս ուղղությամբ: Արմեն Ղեւոնդյանի համոզմամբ՝ տնտեսական կապերի աշխուժացման համար կարելի է կիրառել նոր հնարավորություններ, եթե լինեն այն դիվերսիֆիկացիոն կապուղիները, որոնք կարող են կապել մեր երկրները եւ դյուրացնել տնտեսվարող սուբյեկտների շփումները: Այս համատեքստում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն արձանագրել է, որ Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում առկա է տնտեսական դիվանագիտության հասկացությունը, եւ կոնկրետ ծրագրերի դեպքում բյուջետային միջոցների բաշխման ընթացքում հատկացումներ կնախատեսվեն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...