Տպել
29.10.2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն անդրադարձել են 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծմանը
1 / 6

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել են Araratnews.am լրատվական կայքի թղթակցի հարցադրմանը: Լրագրողին հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը մինչ օրս չստեղծելը: Նա նշել է, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ իրենք հապաղում են, որպեսզի ընդդիմությունը թույլտվության փաստաթղթերը կարգի բերի: Հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր չորս պատգամավորներից երեքը ստացել են այդ փաստաթղթերը, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը՝ ոչ: Վերջինս դեռեւս չի ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որ փակ ռեժիմներից եւ գաղտնի փաստաթղթերից օգտվելու հնարավորություն ունենա: «Մենք մեր խոստումը կկատարենք: Դա անխուսափելիորեն պետք է լինի, որ շահարկումներ չլինեն»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Արթուր Հովհաննիսյանի համոզմամբ՝ առաջինը հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է շահագրգիռ 44-օրյա պատերազմի դրվագները բացահայտելու հարցում:

Արուսյակ Ջուլհակյանն էլ կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու կարեւորության մասին առաջինը խոսել է ՀՀ վարչապետն անմիջապես պատերազմից հետո, եւ ՔՊ-ն է եղել դրա նախաձեռնողը:

Անդրանիկ Քոչարյանի պարզաբանմամբ՝ գտնվել է իրավական այն լուծումը, որը հնարավորություն կտա արտախորհրդարանական ուժերի եւ անհետ կորածների ու զոհվածների ծնողների ներկայացուցիչ ունենալ աշխատանքի որոշակի ձեւաչափի շրջանակում: «Երբ հայտարարենք աշխատանքի մեկնարկի մասին, կասենք, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու արտախորհրդարանական ուժերը: Սա սովորական քննիչ հանձնաժողովից տարբերվում է նրանով, որ սահմանադրական պահանջ է: Կոնկրետ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու այսպիսի հարցերով քննիչ հանձաժողով ձեւավորելու եւ աշխատանքն իրականացնելու հստակ ժամկետում»,-ասել է հանձնաժողովի նախագահը: