Տպել
08.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
1 / 9

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել էր համագործակցության   բազմակողմ  հուշագիր` բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներուժը  ծառայեցնելու  խորհրդարանի  վերահսկողական գործառույթների  ամբողջական  իրականացմանը: Նշվել է նաեւ, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալու այնպիսի գիտական ներուժ,  ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած  տնտեսական խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հուշագիրը ստորագրած կառույցների հետ համագործակցությունը:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը հակիրճ ներկայացրել է հուշագրի ստեղծման եւ գործունեության մասին տեղեկատվություն, անդրադարձել որոշակի խնդիրների: Նա ընդգծել է մշտական հանձնաժողովի հետ գործակցության կարեւորությունը:

Բազմակողմ հանդիպմանը  քննարկվել են  հուշագրից բխող աշխատաքային մոտեցումները: Անդրադարձ է  կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային  մի շարք հարցերի:

Նմանօրինակ աշխատանքային հանդիպումները լինելու են շարունակական: