Տպել
06.10.2021
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 50

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվել է ընդլայնել պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցումից հետո գլխադասային հանձնաժողովում քննարկվել  եւ ընդունվել է Կառավարության կողմից առաջարկված խմբագրական լրացումը: Ռուբեն Սարգսյանը նշել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները չեն ընդունվել:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավորները ելույթներում անդրադարձել են սոցիալ-աշխատանքային երաշխիքի գաղափարին, սոցփաթեթի ծառայությունների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները չընդունելուն վերաբերող հարցերը: Նրա խոսքով՝ փոփոխությունների նպատակը աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, իսկ առաջարկվող ուղղությունների փոխհատուցման հարցը կարելի է լուծել այլ մեխանիզմներով ու ծրագրերով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: