Տպել
05.10.2021
Առաջարկվում է Կառավարության որոշմամբ ընտրված անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին տրամադրվող հարկային արտոնությունը չեղյալ համարել
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը հարկային արտոնություն ստանալու հնարավորություն է ընձեռում սահմանափակ քանակով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (ՀՀ կառավարության որոշմամբ) ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում՝ երկարաձգելով ԱԱՀ-ի գանձումը երեք տարի ժամկետով: Այդ արտոնությունից չեն կարող օգտվել այն ձեռնարկությունները, որոնք չունեն հավանության արժանացած ներդրումային ծրագիր, սակայն նույն հումքն ու նյութերը ներմուծում են նույն արտադրանքը թողարկելու համար: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի ընդունումից հետո օրենսգրքի 79-րդ հոդվածը ժամանակավրեպ է դարձել: Ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություններին անհրաժեշտ չի լինի դիմել ՀՀ կառավարություն արտոնության համար, արդյունքում կնվազի վարչարարությունը: Այն կազմակերպությունները, որոնք չեն իրականացնում ներդրումային ծրագիր, սակայն միեւնույն արտադրանքը թողարկելու նպատակով ներմուծում են նույն հումքն ու նյութերը, կթեթեւացնեն իրենց ֆինանսական բեռը, քանի որ մաքսային սահմանին չեն վճարի ԱԱՀ: Գործադիրն առաջարկում է վերոնշյալ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 6-ին: