Տպել
05.06.2021
Փշատավան համայնքի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն սկսվել են
1 / 12

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հունիսի 5-ին  այցելեց Արմավիրի մարզի Փշատավան համայնք: Պատգամավորն այստեղ վերջերս էր եղել եւ բնակիչներին խոստացել վերհանել ճանապարհի վերանորոգման հարցը: Արգավանդ-Փշատավան համայնքներն իրար կապող 3 կիլոմետրանոց  ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել էին, դրանց ընթացքին տեղում ծանոթացավ պատգամավորը:

Ռուստամ Բաքոյանն այնուհետեւ այցելեց Նալբանդյան համայնք: Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ պատգամավորի հետ հանդիպման էին եկել համայնքում բնակվող եզդիները: Նրանք ներկայացրին իրենց հուզող  խնդիրները, խոսեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից, գնահատեցին նաեւ վերջին տարիների փոփոխությունները:

Համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի խոսքով՝ Նալբանդյան համայնքում կան մի քանի  հիմնական խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանցից առաջինը խաղողի բերքի մթերման հարցն է, որին ամեն տարի բախվում են գյուղացիները: Խաղողագործներն ունեցել են 250 հեկտար այգիներ, որոնք այսօր  մեծացել են՝ հասնելով 300 հեկտարի: Այգիների մեծանալու հետ  ավելացել են խնդիրները, ուստի խաղողագործներն ակնկալում են Կառավարության միջամտությունը: Ըստ համայնքապետի՝ խնդրի լուծում կարող է լինել բերքի պլանավորած մթերումը, քանի որ իրենց համար  հստակ է բերքի չափը: «Չենք կարող 50-100 տոննա խաղողը մթերել եւ իրացնել»,-ասաց նա:

Համայնքապետը պարզաբանեց, որ պայմանագրեր ունեն մթերող երեք ընկերության հետ, սակայն վերջիններս տարեցտարի քչացնում են բերքի ընդունումը:

Գյուղում մեկ այլ խնդիր է 5 կմ երկարությամբ քարուքանդ ճանապարհը, որի վերանորոգումը թեեւ եղել է ծրագրված, սակայն խանգարել են նախորդ տարի ի հայտ եկած համավարակն  ու պատերազմը: Խնդրահարույց է նաեւ ոռոգման ջուրը, ավելի շուտ, ինչպես նշեցին գյուղացիները, դրա բարձր գինը:

Ռուստամ Բաքոյանը խոստացավ համապատասխան մարմինների հետ քննարկել բարձրացված հարցերը, փորձել դրանք կարգավորել: Նա նկատեց, որ ոռոգման ջրի խնդիր կա մարզի մյուս համայնքներում եւս: Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե ջրի պակասն է, այլ ենթակառուցվածքների բարեփոխման անհրաժեշտությունը:  «Պետք է դիտարկել նաեւ կաթիլային ոռոգման անցնելու հնարավորությունը»,-ասաց նա: