Տպել
04.05.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախաձեռնություններ
1 / 5

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրինագիծը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի, Արփինե Դավոյանի, Հրաչյա Հակոբյանի, Արսեն Միխայլովի, Կորյուն Մկրտչյանի եւ Վանիկ Օհանյանի համահեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի տեղեկացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, եւ մեկ առաջարկ է ներկայացրել Կառավարությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի գրավոր առաջարկներ, որոնց հիման վրա էլ լրամշակվել է նախաձեռնությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ու «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: