Տպել
30.04.2021
Կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները
1 / 9

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով` առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը: Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ: Քննարկման ընթացքում կարեւորվեց օտարերկրացու անձնական տվյալների պաշտպանության  հետ կապված դրույթների ներառումը, ինչպես նաեւ գործող օրենքը եւ ենթաօրենսդրական ակտերը միջպետական պայմանագրերին համապատախանեցնելու հանգամանքը:

Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն: