Տպել
26.04.2021
ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եղել է ռազմագերիների հարցի բարձրաձայնումը
1 / 1

ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Իգիթյանն ապրիլի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին ապրիլի 19-22-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եւ խնդիրը  եղել է ռազմագերիների հարցը. «Ի տարբերություն նախորդ նստաշրջանի՝ այս անգամ մեզ հաջողվեց հայ ռազմագերիներին ու փախստականներին վերաբերող հարցը դարձնել ընթացիկ  թեմա լիագումար նիստի շրջանակներում: Բացի թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներից, բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատվիրակները հստակորեն  իրենց դիրքորոշումն արտահայտեցին առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերդարձվեն:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց. «Այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունը ԵԽԽՎ շրջանակներում կատարել է իր առջեւ դրված խնդիրը՝ շարունակելով մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, եւ դրանով փորձել հասնել լուծմանը»:

Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, շեշտադրելով ԵԽԽՎ ընդունված հայտարարությունը, ընդգծեց, որ դրանով Ադրբեջանին հստակ կոչ է արվում, առանց նախապայմանների վերադարձնել հայ ռազմագերիներին. «Սա է եվրոպական կառույցի գլխավոր ասելիքը»:  Նա նաեւ տեղեկացրեց, որ Իսլանդիայի գործընկերները համապատասխան բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը պետք է քննարկվի բյուրոյի կողմից, եւ եթե հաջողության հասնի, ապա հնարավորություն կտրվի այս հարցի վերաբերյալ նաեւ այլ զեկույցներ ունենալ: Շվեդ գործընկերները եւս նույն բովանդակությամբ բանաձեւի նախագծեր են փորձում ներկայացնել:

Տաթեւիկ Հայրապետյանը կարեւորեց  միջազգային հարթակներում հայ պատվիրակների միասնական գործելաոճը: «Գերիների վերադարձի համար քայլերը պետք է իսկապես համառ լինեն: Պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիեւի համար դառնա իսկական գլխացավանք հայաստանցի գերիներին օր ավել Բաքվում պահելը»,-նշեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իր ելույթից հետո մոտեցել է Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը եւ խնդրել ցույց տալ իրեն նկարները: «Ուշադիր նայում էր նկարները եւ ասում, որ ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն է առաջացրել դա: Կարծում եմ, որ նաեւ մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ հարցը բավականին հնչեղ դարձավ: Եվ, ըստ էության, Ալիեւն այդ պուրակը բացելով՝ օգնեց մեզ, որ ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք»,-եզրափակեց Մարուքյանը: