Տպել
12.04.2021
Խմելու ջրի ու եզդիերենի դասաժամի հարցերը՝ պատգամավորի մարզային այցի ուշադրության կենտրոնում
1 / 10

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է հայաստանյան տարբեր բնակավայրերում ապրող իր հայրենակիցներին:

Պատգամավորի հերթական կանգառն այս շաբաթ Արարատի մարզի Նորաշեն համայնքում էր: Այստեղ ապրում է շուրջ 20 եզդի ընտանիք՝ ընդհանուր գրեթե 100 հոգի: Նրանք զբաղվում են այգեգործությամբ, մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են են նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:


Ռուստամ Բաքոյանի այցն անակնկալ էր, սակայն րոպեներ անց արդեն գյուղում իրարանցում էր. սկզբում հավաքվեցին  տղամարդիկ: «Բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնաբովանդակ են: Կան արոտավայրեր հասնելու դժվարություններ: Ճանապարհները, որոնք թեեւ ամեն տարի վերանորոգվում են, քանդված են: Պետք է կատարվեն ճանապարհների հարթեցման աշխատանքները,-նշեց պատգամավորը,- կոնկրետ այս համայնքով պայմանավորված՝ մի շատ կարեւոր հարց եւս կա. եզդիական գերեզմանոցի մոտ չկա խմելու ջուր, մոտակա աղբյուրը 3-ից 4 կմ հեռու է»:

Ու մինչ տղամարդիկ քաղաքականության մութ կողմերն էին փորձում բացահայտել, նորաշենցի եզդի դպրոցականներն առաջ բերեցին իրենց հուզող հարցը. գյուղի դպրոցում եզդիերենի դասաժամ չկա: «Այս համայնքում այդ հարցը խիստ է դրված, մայրենիին պետք է տիրապետեն բոլորը»,- ընդգծեց 15-ամյա Նանարը, որը դպրոցում գերազանց է սովորում եւ ուզում է իրավաբան դառնալ:

Պատգամավորը խոստացավ առավել մանրամասն ուսումնասիրել բարձրաձայնված հարցերը եւ հնարավորինս արագ արձագանքել: