Տպել
09.04.2021
Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
1 / 3

Ապրիլի 9-ի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը նշեց, որ օրինագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նշվեց, որ առաջարկվում է  վերոնշյալ օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը, կարեւորելով ներկայացված փոփոխության առաջարկը, նշեց, որ ինքը կարծում է, որ տարկետումը պետք է վերադարձվի, որպեսզի բանակում լինեն բարձրագույն կրթությամբ զինվորներ. «Նույնիսկ այն պարագայում, երբ դա համարվում է ռիսկային, մենք պետք է գնանք այդ քայլին»:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: